National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.03.2023
Ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով առաջարկվում է բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել:

«Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշումները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկարաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որով իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ: Նա տեղեկացրել է, որ շատ երկրներ նման արդյունավետ փորձ իրականացրել են: Փոխնախարարի խոսքով ընտանիքում բռության ենթարկված անձանց պարագայում մեր հանրապետությունը փորձ չունի, բայց էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման փորձ արդեն իսկ ունի` ի դեմս Քրեական դատավարության նոր օրեսգրքով նախատեսված` տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցների, որոնք կիրառվում են 2023 թվականի հունվարի 1-ից:

Հիմնական զեկուցողը նշել է, որ այդ նպատակով 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի 560 մլն դրամ: Նմանատիպ ձեռնաշղթաների ներպետական մատակարարողներ ՀՀ-ում չկան, դրանք արտերկրից են ներմուծվում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է` Հայաստանում քանի՞ ընտանեկան բռության ենթարկված անձ կա:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1547 դեպք, որից 619-ը` անհետաձգելի են եղել, 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել: «Ընտանիքում բռնության դեմ պայքարը շատ կարեւոր է: Եթե անգամ մեկ դեպք ունենանք, ապա այն ազդակ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք»: Ընդգծվել է նաեւ, որ վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում. քիչ մարդիկ են դիմում, շատերը ենթարկվում են բռնության, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվել է, թե ինչպես է աշխատելու էլեկտրոնային հսկողության սարքը, ինչպես են ոստիկանության աշխատակիցները ստանալու ահազանգը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային հսկողության սարքը կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում կատարելուց հետո մեկ տարում անձը կրկնակի խախտում կանի:  Բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթա կլինի,  շղթա կլինի նաեւ բռնության զոհի մոտ, որպեսզի մոտենալու դեպքում  հնարավոր լինի ազդակ ստանալ: Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողության  միջոցների կիրառմամբ:

Հարակից զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, կոչ է արել կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթում Արփինե Սարգսյանն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին: Կարեւորելով օրենքի նախագիծը` նա նշել է, որ փոփոխությունները  վերաբերում են թե' ընտանիքում բռնության կանխարգելմանը, թե' բռնության ենթարկված անձանց պաշպանությանը, ընտանիքում համերաշխության վերականգմանը: Օրենքի նախագիծը նախատեսում է անհետաձգելի միջամտության եւ  պաշտպանական որոշումների կայացման  ռեժիմներ:

«Սա գործիքակազմ է, որպեսզի հնարավոր լինի այս երկու ռեժիմները իրականացնել»,- ասել է նա:

Փոխնախարարը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին եւ պատրաստակամություն հայտնել` առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում քննարկել ներկայացրած առաջարկները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am